Սևանա լիճ

Հայաստանի «կապուտաչյա գեղեցկուհի» Սևանը հնում անվանել են տարբեր անուններով` Սևանա ծով, Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով…
Այն Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է, որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա:

Սևանա լիճ (նաև`   Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։

Լիճը գոյացել է Գեղամա լեռնաշղթայի հրաբուխների ժայթքման հետևանքով: Ժայթքող հրահեղուկ զանգվածը, փակելով հնագույն գետի հունը, առաջացրել է կաթսա, ուր հետզհետե հավաքվել են ձնհալի ջրերը:
1938 թվականի որոշմամբ լճի ջուրը սկսվեց օգտագործվել հիդրոէներգետիկայի կարիքները հոգալու համար: Սևանն իր ուժն ու ավյունը, իր գեղեցկությունը զոհաբերեց հայրենի հողը շենացնելու համար, որի հետևանքով ջրի մակարդակն իջավ, փոխվեց ջրի ջերմաստիճանը, ինչը բացասաբար անդրադարձավ լճի կենդանական աշխարհի վրա, իսկ Փոքր Սևանում գտնվող կղզին, որտեղ դեռևս 9-րդ դարում կառուցվել էր հայկական ճարտարապետության հայտնի հուշարձաններից մեկը` Սևանի վանքը, աստիճանաբար վերածվեց թերակղզու:

Սևանը հանգստի լավագույն վայրերից է: Նրա սքանչելի դիրքը, արևի շողերն անդրադարձնող ջրի կապուտակ հայելին, հնադարյան հուշարձանները գրավում են բոլոր այցելուներին:

Երկարություն`   78 կմ
Լայնություն`   56 կմ
Մակերես `  1243 կմ2
Ծավալ`   33.2 կմ3
Ամենամեծ խորություն`   100 մ
Միջին խորություն`   30 մ
Թափանցելիություն`   4.5 մ
Ավազանի մակերես`   3647 կմ2

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով