Մատենադարան

Երևանի բարձունքներից մեկի լանջին, Մաշտոցի պողոտայի ծայրամասում վեր է խոյանում Մատենադարանը` հին ձեռագրերի ինստիտուտի շենքը: Շենքի գլխավոր ճակատի առջև հայ միջնադարյան գրականության, արվեստի գիտության մեծ գործիչների արձաններն են, իսկ դրանից ցած` Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանները:

Ցուցասրահը բացվել է 1957 թ., միայն մեկ սրահում, երբ Մատենադարանի հիմնական շենքը շահագործման է հանձնվել: Հետագայում ավելացել է ևս մեկը, մինչ նոր մասնաշենքի կառուցվելը (2010 թ.), ուր տեղափոխվել են գիտական բաժինները, իսկ հիմնական շենքը այժմ հիմնականում հատկացված է ցուցասրահներին, միաժամանակ պահպանվել են աշխատասենյակները, լաբորիատորաները և ստրատեգիական պահոցները։

Այն հայկական ձեռագրերի խոշորագույն կենտրոն է: Այստեղ պահպանվում են ավելի քան 17000 ձեռագրեր` հայերեն ամբողջական ձեռագրեր և հայերեն ձեռագրերի պատառիկներ, 5-6-րդ դարերի մագաղաթյա ձեռագրեր, օտարալեզու մատյաններ, ձեռագիր ու գրչագիր մատյաններ և այլ նյութեր: Մատենադարանի հնագույն ձեռագիրը, որն ամբողջովին պահպանվել է, «Վեհամոր Ավետարանն» է` ստեղծված 8-րդ դարում: Ուշագրավ են գիրք-հսկան` «Մշո ճառընտիրը»` հայերեն ամենամեծ ձեռագիր գիրքը, որը կշռում է 28կգ և 1434թ. եկեղեցական օրացույցը, որը կշռում է ընդամենը 190գ, իսկ չափսը անձնագրի նկարից փոքր է:

Հայկական ձեռագիր մատյանները հարուստ են գեղեցիկ մանրանկարներով, որոնց գույներն այնքան պայծառ են, որ, ասես, նկարվել են ոչ թե դարեր առաջ, այլ բոլորովին վերջերս: Ներկերը ստացել են բնական ներկանյութերից, այդ պատճառով չեն կորցրել իրենց սկզբնական թարմությունը: Օրինակ, կարմիր գույնը ստացել են փոքրիկ, կարմիր մի միջատից` հայկական որդան կարմրից, որը տարածված է եղել Արարատյան դաշտում: Այն արտահանվել է աշխարհի տարբեր երկրներ և մինչև հիմա հայտնի է նկարիչների շրջանում կարմին անվանումով:

Մատենադարանը միայն թանգարան չէ, այն հայտնի է նաև որպես խոշորագույն գիտահետազոտական ու մշակութային կենտրոն: Մատենադարանին կից գործում է հայագիտական գրադարան, որը կարևորագույն գիտական կենտրոն է հետազոտողների համար:

Մատենադարան կատարած անգամ կարճատև այցելության ընթացքում պարզ է դառնում հայոց լեզվի ու հայ գրերի կարևոր դերն ու նշանակությունը համաշխարհային մշակույթի մեջ:
Մուտքը թանգարան: 1000 դրամ, մինչև 10 մարդ խմբի գիդի համար 2500 դրամ.
Շրջագայությունները կատարվում են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, պորտուգալերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով:
Լուսանկարահանում — 2500 դրամ (լուսարձակով լուսանկարելը արգելված է): Գները էջում նշված է 2018թ. Հունիս ամսվա դրությամբ։

Հասցեն
Մաշտոցի պողոտա 53 ամեն օր 10:00-ից մինչև 17:00, բացի երկուշաբթի, կիրակի և պետական տոներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով