Ախթալայի ամրոց

Ախթալայի ամրոցը կառուցվել է X դ, Կյուրիկյան Բագրատունիների տիրապետության օրոք: Ամրոցը հյուսիսային կողմից ամրացված է բարձրաբերձ բրգավոր պարիսպներով: Պատերը շարված են բազալտի խոշոր, սեպաձև քարերով՝ կապակցված ամուր կրաշաղախով: Գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակներ:

Ամրոցի ներսում է գտնվում Ախթալայի վանքը՝ բաղկացած 3 եկեղեցուց, զանգակատնից, սրահից և քարաշեն կացարաններից: Վանքի գլխավոր եկեղեցին Ս. Աստվածածինն է (XIII դ), որը ուղղանկյուն հատակագծով խաչաձև գմբեթավոր կառույց է: Պատերը ներսից ծածկված են Հին ու Նոր Կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ որմնանկարներով: 

Ախթալայի ամրոցը Հայաստանի տարածքում համեմատաբար լավ պահպանված է, որին բնորոշ է հայկական ճարտարապետության առանցքային տարրերից մեկը՝ կառույցի և բնական միջավայրի ներդաշնակության սկզբունքի կիրառումը: Ամրոցը, երեք կողմից շրջապատված լինելով ուղղաձիգ ժայռեղեն ձորերով, ունի բնական պաշտպանվածություն: Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է: Այն ունի հյուսիսից հարավ ձգվող թաղակապ սրահ, որի վերնամասում կառուցված են եղել պահակային և պաշտպանական նշանակության սենյակներ: Հատկապես տպավորիչ է մուտքի արևելյան կողմի հզոր աշտարակը: Մինչև հուշարձանի վերանորոգումը՝ այն կիսով չափ փլված վիճակում է եղել: Այս աշտարակը կազմված է հինգ հարկից, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը ներքևից վերև աստիճանաբար պակասել է: Առաջին հարկը գետնափոր է, մնացած չորս հարկերը ներքուստ կամարակամ են: Ամրոցի բերդպարիսպները և աշտարակները շարված են կապտավուն, կոպտատաշ բազալտի շաղախված կրաբետոնով:

Հատուկ ուշադրության են արժանանում նաև ստորգետնյա թունելները, ամրոցը, բազմաթիվ խաչքարերը, ինչպես նաև քահանաների երկհարկանի տունը: Ախթալայի վանական համալիրը տարբերվում է հայկական ճարտարապետության նմանատիպ կառույցներից: Գուցե այդ փաստը բացատրվում է նրանով, որ Աթալան հայկական և վրացական ոճերի հրաշալի համադրություն է: Վանական համալիրի գեղեցկությունն ընդգծվում է շնորհիվ հրաշալի բնության:

Այդ տարածքը միշտ հայտնի է եղել իր թանկարժեք մետաղյա հանածոներով (ոսկի, արծաթ, պղինձ և այլն): Ժամանակին Ախթալայի հանքավայրը գնել էին ֆրանսիացիները, և ինչպես առասպելն է ասում, այդտեղ է ծնվել Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլը:

Ախթալա այցելության լավագույն ժամանակը ամառն է, որպեսզի եղանակը անսպասելի չխախտի ձեր ծրագրերը:

One thought on “Ախթալայի ամրոց

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով